ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ՀՀ Դատավորների Միություն
PDF Տպել Էլ.փոստ

ՀՀ դատավորների միությունը հիմնադրվել է 1997թ. ապրիլին` մի խումբ դատավորների նախաձեռնությամբ:
1997-2003թթ. ՀՀ դատավորների միության նախագահն է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը (այժմ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ):
2003 թվականից մինչ օրս ՀՀ դատավորների միության նախագահն է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
Միության ստեղծման հետ համատեղ սկսել է հրատարակվել "Դատական իշխանություն" (նախկինում`"ՙՕրինաթերթ") գիտամեթոդական ամսագիրը: Իրավական թեքում ունեցող լրատվամիջոցներից "Դատական իշխանությունն" առաջինն էր, որն անդրադարձավ դատական պրակտիկային և առանձնացավ իր դատաիրավական ուղղվածությամբ, տպագրված նյութերի բազմազանությամբ, գիտամեթոդական խորությամբ: 2004 թվականից  "Դատական իշխանություն" ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում:
Ամսագիրը լույս է տեսել յուրաքանչյուր ամիս, կայուն պարբերականությամբ, 400 օրինակ տպաքանակով` իր էջերում ներառելով նոր հեղինակների: Ամսագրում հանդես են եկել ոչ միայն ճանաչված իրավաբաններ, դոկտոր պրոֆեսորներ, գիտության տարբեր ճյուղերի հանրահայտ դեմքեր, այլև բազմաթիվ շնորհալի երիտասարդներ, որոնք հավակնում են լրացնել հանրապետության իրավաբան գիտնականների շարքերը:
Այդ ամենը պետք է բացատրել ամսագրի` իր առջև ծառացած խնդիրների լուծման հետևողականությամբ և նպատակասլաց աշխատանքով:
Խմբագրական խորհրդի կազմում են իրավագիտության դոկտոր պրոֆեսորներ, այդ թվում` ՌԴ վաստակավոր իրավաբաններ, դոկտոր պրոֆեսորներ: Խմբագրական խորհուրդն ակտիվ մասնակցություն է ունենում յուրաքանչյուր համարի թեմատիկ պլանավորմանը և գիտական հոդվածների ընտրությանը, որոնք տպագրվում են համապատասխան գրախոսական-կարծիքների առկայությամբ, որը հոդվածագիրների առջև դրվող պահանջների բարձրացման հիմնավոր և անհրաժեշտ պայման է:
"Դատական իշխանությունը" հանրապետության եզակի ամսագրերից է, որում հանդես են գալիս առավելապես հայ դատավորներն իրենց գիտական հոդվածներով` նվիրված իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին:

Ամսագիրն առանձին բաժիններով, պարբերաբար անդրադառնում է դատական համակարգի, դատական պրակտիկայի, առևտրային, սահմանադրական, քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեական, քրեադատավարական, միջազգային իրավունքների, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի, կալանավորման և բազմաթիվ այլ հիմնահարցերի:
Քրեական և քաղաքացիական դատավարությունների, քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքերի և այլ օրենսդրությունների ընդունումից հետո անհրաժեշտություն առաջացավ մշտապես գիտականորեն մեկնաբանել նշված օրենքների նորմերը: Լինելով Դատավորների միության միակ գրավոր պարբերականը` այն տպագրել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ վճռաբեկ դատարանի երկու պալատների նախադեպային նշանակություն ունեցող որոշումները, որոնք նպաստել են դատական սխալների վերացմանը:
Հասկանալի է, որ ընթերցողի կողմից նախ` ընտրվում և գնահատվում է իրավական խնդրի այն լուծումը, որն առաջադրվում է տեսական մեկնաբանությունների շրջանակում և աչք է զարնում իր գիտական հիմնավորմամբ, դրանով իսկ նպաստում օրենսդրությունը գիտականորեն արժևորելուն և միասնական դատական պրակտիկայի ապահովմանը:
Ամսագրում հատուկ տեղ են գրավում դատավորների ծննդյան, պարգևատրումների և կոչումների շնորհավորանքները:
Միության համար արդեն ավանդույթ է դարձել վաստակի գնահատման տարելիցների և թոշակի անցնող դատավորների մեծարման համար երեկույթների, շնորհավորական ուղերձների կազմակերպումը, տարեմուտի երեկոների անցկացումը:
Ամսագրի հրատարակմանն աջակցել և շարունակում են օժանդակել միջազգային տարբեր կազմակերպություններ: Ամսագիրը նախկինում հրատարակվել է ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի, այնուհետև Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի օժանդակությամբ: Այժմ համագործակցում ենք Բեառինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրի հետ:
Մի շարք օրենքների` ՀՀ քրեական նոր օրենսգրքի, սահմանադրական բարեփոխումների և այլ կարևոր օրենքների ու օրենսգրքերի ընդունման կապակցությամբ միության կողմից կազմակերպվել ու անցկացվել են բազմաթիվ սեմինարներ, կլոր սեղաններ ու քննարկումներ: Ուսումնասիրվել է տարբեր երկրների առաջավոր փորձը, որը նպաստել է դատավորների գիտելիքների կատարելագործմանը և պրակտիկ աշխատանքում դրանց կիրառմանը:
Առաջիկայում նախատեսվում են նոր ծրագրերի իրականացում եվրոպական, առևտրային, հեղինակային և իրավունքների մյուս ճյուղերով` նպատակ ունենալով աջակցել նշված բնագավառներում դատական պրակտիկայի բարելավմանը:
Իրականացվող ծրագրերից պետք է նշել արդեն ավանդույթ դարձած Եվրոպայի խորհրդի և միության ջանքերով հրատարակվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հայերեն թարգմանությամբ չորս ժողովածուների հրատարակումը: Նախապատրաստվում է նաև հինգերորդ հատորը:
Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շնորհիվ տպագրվեցին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածների վերաբերյալ մեկնաբանություններն ու հայաստանյան դատական պրակտիկայի վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Ավետիսյանի (այժմ` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ) և պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի (այժմ` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ) հեղինակությամբ:
2007 թվականին Եվրոպայի խորհրդի աջակցության շնորհիվ շուտով լույս կտեսնի "Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և դրա ներպետական կիրառումը Հայաստանի Հանրապետությունում" վերնագրով գիրքը:
Դեռևս 2002թ. ՀՀ դատավորների միության և ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ հրատարակվեցին թվով 10 տարբեր իրավաբանական թեմաներով, հարց ու պատասխանների տեսքով ընտանեկան գրադարանի հատորյակներ:
Բեառինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեց և միության անդամներին անվճար բաժանվեց ՙԲաժնետիրական իրավունք՚ ձեռնարկը:
Շուտով դատավորներին կհանձնվի նաև համագործակցության մեկ այլ ծնունդ ևս` "ՀՀ տնտեսական դատարանի վճիռների և որոշումների ժողովածուն":
2008 թվականի ապրիլի 19-ին Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովը:
ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը ներկայացրեց 2006-2008թթ. միության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Ֆինանսական հաշվետվությունը զեկուցեց միության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Էդիկ Ավետիսյանը:
Ամփոփելով ելույթները` տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության խորհրդի կազմի, միության նախագահի, փոխնախագահի և վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրություն:
Քվեարկության արդյունքում ՀՀ դատավորների միության նախագահ վերընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Փոխնախագահ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր (այժմ` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ) Սլավա Սարգսյանը:
Խորհրդի անդամներ ընտրվեցին`
- Մարգարիտա Հարթենյանը - Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Գագիկ Ավետիսյանը - Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Տիգրան Սահակյանը - ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ,
- Երվանդ Խունդկարյանը - ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր (այժմ` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր),
- Էդվարդ Մանուկյանը - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ,
- Ռուզաննա Բարսեղյանը - Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
- Գոռ Հակոբյանը - Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր (այժմ` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր),
- Ռուզաննա Հակոբյանը - ՀՀ վարչական դատարանի դատավոր,
- Կարինե Ղազարյանը  - Երևանի քրեական դատարանի դատավոր (այժմ` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր):
Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին`
- Էդիկ Ավետիսյանը - Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր (հանձնաժողովի նախագահ) (այժմ` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր),
- Գագիկ Խանդանյանը - Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (այժմ` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր),
- Մեսրոպ Մակյանը - Հյուսիսային քրեական դատարանի դատավոր (այժմ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր):
Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ժողովը համարվեց փակված:
2008-2009 թվականների ընթացքում ՀՀ դատավորների միությունը միության խորհրդի որոշմամբ տպագրել է մի շարք աշխատություններ, որոնք դատավորի ամենօրյա աշխատանքի համար կարող են օգտակար լինել, դրանց թվում են`
1. “Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և դրա ներպետական կիրառումը Հայաստանի Հանրապետությունում”,
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի վճիռների և որոշումների ժողովածուի երկրորդ հատորը,
3. “Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ” վերտառությամբ գիրքը,
4.  ”Դավանանքի իրավունք՚”
5. “Կրթության իրավունք”,
6. ”Մտքի, խղճի և կրոնի ազատություն”,
7. “Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածու”-ի հինգերորդ հատորը,
8. ”Սեփականության իրավունքը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում”,
9. ”Արդարադատության մատչելիություն”,
10. ”Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տերմինների անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան”,
11. ”Մարդու իրավունքների ձեռնարկ դատախազների համար”:
12. Շուտով լույս կտեսնի նաև ”Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածու”-ի վեցերորդ հատորը:
 
2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը Երևանում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ:
Ապրիլի 23-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համաժողովի դահլիճում  տեղի ունեցան ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ դատավորների միության 2008-2010 թվականների հաշվետու ընտրական ժողովը: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում սահմանվեցին "Դատավորի վարքագծի կանոնները" և քննարկվեցին կազմակերպական բնույթի հարցեր:
ՀՀ դատավորների միոթյան հաշվետու ընտրական ժողովի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը`
1. 2008-2010թթ. ՀՀ դատավորների միության կատարած աշխատանք­ների մասին հաշվետվություն.
2. ՀՀ դատավորների միության վերահսկիչ հանձնաժողովի հաշ­վետվու­թյուն.
3. ՀՀ դատավորների միության նախագահի, փոխնախագահի, խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն.
4.  ընթացիկ այլ հարցերի քննարկում:
ՀՀ դատավորների միության նախագահ Հ.Սարգսյանն իր հաշվետու ընտրական զեկույցում անդրադարձավ միության կատարած գործունեությանը 2008-2010 թվականների ընթացքում, կատարած և կատարվելիք աշխատանքներին, ձեռքբերումներին, ինչպես նաև միության առջև ծառացած խնդիրներին:
Հ.Սարգսյանի ելույթին հետևեց ՀՀ դատավորների միության նախագահի, փոխնախագահի, խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի կազմի ընտրությունը:
Փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ դատավորների միության նախագահ վերընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Փոխնախագահ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ  Ավետիսյանը:     
ՀՀ դատավորների միության խորհրդի անդամներ ընտրվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը /այժմ` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ/, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, ՀՀ վարչական դատարանի դատավորներ Կարեն Մաթևոսյանը և Ռուզաննա Հակոբյանը, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը,  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հակոբյանը,Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը: Վերահսկիչ հանձնաժողովի կազմում ընտրվեցին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը (նախագահ), ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
“ՀՀ դատավորների միությունը”` որպես հասարակական կազմակերպություն, ակտիվորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ու կառույցների հետ: Բացի այդ, ՀՀ դատավորների միությունն իր կանոնադրության շրջանակներում համագործակցում է  նաև Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
ՀՀ դատավորների միությունը տեղական ու միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ իր համագործակցությունն սկսել է “Դատական իշխանություն” (նախկինում` “Օրինաթերթ”) գիտամեթոդական ամսագրի հրատարակման շրջանակներում։ Ամսագրի տպագրությանը շարունակ օժանդակություն են ցուցաբերել միջազգային տարբեր կազմակերպություններ։ Ամսագիրն ի սկզբանե, երկար ժամանակ հրատարակվել է ABA/CEELI  Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի (այժմ` ABA/ROLI) աջակցությամբ: Այնուհետև այս ոլորտում համագործակցությունը շարունակվել է ՄԱԿ-ի Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի, Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրերի հետ։
Ներկայումս “Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն” ծրագրի շրջանակներում շարունակվում է համագործակցությունը  GTZ-ի (Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության) հետ:
Իրականացվող ծրագրերից պետք է նշել, արդեն ավանդույթ դարձած, Եվրոպայի խորհրդի և միության ջանքերով հրատարակվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հայերեն թարգմանությամբ չորս ժողովածուների հրատարակումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հայերեն թարգմանությամբ հինգերորդ և վեցերորդ հատորները տպագրվել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ծրագրի շրջանակներում: 
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ծրագրի արդյունքում վերջին տարիներին հրատարակվել են
Եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 9-րդ, թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներին նվիրված աշխատությունները, ”Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տերմինների անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան”, ”Մարդու իրավունքների ձեռնարկ դատախազների համար” գրքերը:
 Եվրոպական իրավունքի թեմաներով կազմակերպվել են նաև սեմինար-դասընթացներ Հայաստանի Հանրապետության դատավորների համար:
Ներկայում շարունակվում է համագործակցությունը, և նախատեսվում են կազմակերպել տարբեր միջոցառումներ` նվիրված Եվրոպական կոնվենցիայի մյուս հոդվածներին, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հիմնախնդիրներին:
ՀՀ դատավորների միությունն իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավական հարցերով ազգաբնակչության իրազեկության ապահովման, հասարակության շրջանում դատական համակարգի հեղինակության բարձրացման և վստահության ամրապնդման համար ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ 2002 թվականին հրատարակեց ընտանեկան գրադարանի տասը հատորյակը։
2005 թվականին միությունը ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ
հրատարակվեց "ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրքը"։ 2007 թվականին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի և ՀՀ դատավորների միության խորհրդի համատեղ որոշմամբ հրատարակվեցին "ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունները, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 25-ին:
Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեց և միության անդամներին անվճար բաժանվեց “Բաժնետիրական իրավունք” ձեռնարկը, ՀՀ տնտեսական դատարանի վճիռների և որոշումների ժողովածուի երկրորդ հատորը։
 Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեցին ”Դավանանքի իրավունք”,  “Կրթության իրավունք”, “Արդարադատության մատչելիություն” ձեռնարկները:
ՀՀ դատավորների միությունն ակտիվ մասնակցություն է ունենում նաև օրենքների նախագծերի քննարկմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, որոնցից շատերն օրենսդիր մարմնի կողմից ընդունվում են։ Այդ նպատակով կազմակերպվում են սեմինարներ, գիտաժողովներ, քննարկումներ։
ՀՀ դատավորների միությունը 2006 թվականից համագործակցում է "Անտարես Մեդեա Հոլդինգ"-ի հետ:
 
 
ՀՀ, Երևան 0009, Մաշտոցի 50/1
Հեռ.` 58 10 59,56 15 26
Հեռ./ֆաքս` 58 76 69
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
www.antares.am

Ներկայումս բանակցությունների արդյունքում համագործակցության նոր ուղիներ են մշակվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի (ԵԱՀԿ), ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ:
ՀՀ դատավորների միությունն  ակտիվ համագործակցում է ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ դատական դեպարտամենտի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ փաստաբանների պալատի հետ:
2008 թվականից ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ, որ բարձրացրեց ՀՀ դատավորների միության միջազգային վարկանիշը և ընդլայնեց միության միջազգային կապերը: Այդ մասին է վկայում Դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովի կազմակերպումը Հայաստանում, որը տարածաշրջանում եզակի երևույթ էր: Համաժողովի անցկացմանը մեծապես աջակցեցին վերը նշված կառույցները:
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել  համագործակցությունն այլ կառույցների հետ` եվրոպական, առևտրային, հեղինակային և իրավունքի մյուս ճյուղերով նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով աջակցել նշված ոլորտներում դատական պրակտիկայի բարելավմանը։